Երկօրյա սեմինար՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ

2010 թվականից մշակված Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը շուտով կհայտնվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Օրինագծով առաջարկվող փոփոխությունները լրագրողներին ներկայացնելու համար Աղվերանում «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը կազմակերպել էր երկօրյա սեմինար ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և «Միջազգային համագործակցության գերմանական ընկերության» (GIZ) ֆինանսական աջակցությամբ:

«Լրագրողների մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջում  է  ծանոթանալ և լինել իրազեկ մյուս մասնագիտությունների, բնագավառների հիմանարար դրույթների վերաբերյալ, երբեմն նաև՝ նրբություններին. տվյալ դեպքում՝ իրագիտության, քրեական դատավարության բնութագրիչ առանձնահատկություններին»,-Իրավաբան.net-ին ասաց «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակի տնօրեն Զարուհի Հարությունյանը:

Երկօրյա սեմինարի ընթացքում օրինագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը և Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրեցին ու բացատրեցին Քրեական դատավարության նոր օրենսգրքի բնութագրիչ առանձնահատկությունները, ցուցմունքների դեպոնացման էությունը, դատավարական հարկադրանքի միջոցների նոր հայեցակարգը (ձերբակալում, կալանք, այլընտրանքային խափանման միջոցներ դատավարական սանկցիաներ), մինչդատական վարույթի հանրային մասնակիցների (դատախազ-քննչական բաժնի պետ-քննիչ- հետաքննության մարմին) գործառույթները և նրանց պատասխանատվության նոր մոդելը, պաշտպանության կողմի և վարույթի մասնավոր այլ մասնակիցներին վերապահվող նոր դատավարական հնարավորությունները և դրանց հակակշիռները և դատաքննության նոր մոդելը և դատական նիստի հրապարակայնության նոր չափանիշները:

Նշենք նաև, որ սեմինարից հետո կազմակերպվելու է լրագրողական մրցույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որի մանրամասների վերաբերյալ կազմակերպիչները կտեղեկացնեն առաջիկայում:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել