«Ես երբեք ու երբեք չեմ ապրի իմ սեփական բնակարանում խախտված իրավունքով»

2012 թվականի հունվարի 11-ի առավոտյան Գյումրի քաղաքի բնակչուհի Դոնարա Մանուկյանը  սովորականի պես աշխատանքի էր շտապում: Տնից դուրս գալով՝ հանկարծ նկատում է, որ հարևանն իրենց շենքի առաջին հարկի ընդհանուր օգտագործման տարածքում զուգարան է կառուցում: Հենց այստեղի էլ սկսվում է հարևանների վեճն ու աննախադեպ զարգացնում ստանում: Դոնարա Մանուկյանը Գյումրու բարբառով ու իրավական հստակ ձևակերպումներով Իրավաբան.net-ին պատմեց դեպքի մանրամասները:

«Մինչև մի քանի հարևաններով դիմում ենք դատարան իրավունքի խախտումը վերացնելու պահանջով ու սկսվում է գործի քննությունը, հարևանս՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, դիմում է քաղաքապետարան և ստանում օրինականացման թույլտվություն»,- նշում է կինը:

Դատարանը մերժում է  հայցը: Դոնարա Մանուկյանը  վճռական որոշում է պայքարել մինչև վերջ և վերականգնել իր խախտված իրավունքը: Նա ցույց է տալիս գրությունների հաստափոր տրցակ, որոնք տարբեր գերատեսչությունների կողմից մնացել են անպատասխան կամ տրվել են նույնաբովանդակ պատասխան՝ դիմել դատարան:

Դոնարա Մանուկյանը փնտրում և գտնում է մի կազմակերպություն, որն անվճար որոշում է նրա շահերը ներկայացնել դատարանում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնը գործում կոռուպցիոն ռիսկեր էր տեսել:

Երկար պայքարից հետո Գյումրու վարչական դատարանը քաղաքապետարանի կողմից տրված որոշումը, ինչպես նաև դրանից բխող պետական գրանցումը ճանաչում է անվավեր:

«Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինարարության հողազավթումների բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը ապրում է մեր շենքի չորրորդ հարկում: Նա, տեղյակ լինելով խնդրին և հատուկ շահագրգռվածություն ունենալով, թույլ տվեց, որ խնդիրն այնքան խորանա, մինչև հասավ դատարան: Սլավիկ Ղազարյանը, լինելով նախկին ոստիկան և շատ լավ իմանալով, որ կարող է ինձ՝ որպես միայնակ կին, վախեցնել, խրատեց հարևանիս դիմել կեղծ քայլերի»,- վստահ պնդում է տիկին Մանուկյանը:

Բանը հասավ նրան, որ զուգարանը բարեհաջող կառուցած հարևանը որոշեց դիմել մեկ այլ քայլի՝ նա ոստիկանություն հաղորդում ներկայացրեց, թե իբր Դոնարա Մանուկյանը շենքի առաջին հարկի ընդհանուր օգտագործման տարածքում ծեծել է իրեն: Դոնարա Մանուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նրա խոսքով՝ հարևանն իրեն մի քանի անգամ ասել է՝ եթե չբողոքի ապօրինի կառուցված զուգարանը քանդելու համար, ապա ինքը հետ կվերցնի իր դիմումը:

«Ես ոչ մեկի չէի ծեծել, ինչո՞ւ պետք է վախենայի իմ իրավունքը պաշտպանելիս»,- ասում է տիկին Դոնարան:  Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը կրկին ծրագրի շրջանակներում անվճար ներկայացուցչություն է իրականացնում: Երկար տևած դատաքննությունից հետո, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ հրապարակում է արդարացման դատավճիռ:

Այդ հարցում ևս արդյունքի չհասնելով՝ հարևանը բողոքարկում է  Գյումրիի վարչական դատարանի վճիռը: Այն բողոքարկում է նաև Գյումրու քաղաքապետարանը: Դոնարա Մանուկյանն այս անգամ էլ է շահում դատը:

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Ես երբեք ու երբեք չեմ ապրի իմ սեփական բնակարանում խախտված իրավունքով»,- ասում է տիկին Դոնարան:

Նրա կարծիքով՝ անկախ ամեն ինչից միշտ պետք է պայքարել սեփական իրավունքների համար՝ Գյումրիում՝ առավել ևս:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել