Մրցակցությունը քրեական դատավարությունում

Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:

Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:

Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:

Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր:

Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: Վճռաբեկ դատարանում գործի քննությանը ներկա գտնվելու իրավունք ունի բողոք բերած անձը:

Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել