Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
Հայցի ապահովման միջոցներն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:
Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։
Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:
Հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։