Թե երբ կավարտվի «օֆշորային սկանդալ»-ի հերոս Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը դեռևս հայտնի չէ:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադառնալով այդ հարցին՝ նշեց, որ արտահանձնման գործընթաքը բավականին երկար գործընթաց է, այդ թվում նաև ներպետական դատական ատյաններում քննարկման առարկա դարձող. «Հիմա այս շրջանակներում դեռևս շարունակվում է դատական գործընթացը կապված արտահանձնման ընթացակարգի հետ, քանի որ դա կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով, այս դեպքում Մինսկի կոնվենցիայով: Իսկ ժամանակի տևողականությունը պայմանավորված է կոնվենցիոն և ներպետական ընթացակարգերով, որովհետև էքստրադիցիայի ենթակա անձը ևս ունի դատական պաշտպանվածության իրավունք և հիմա մեր տեղեկություններով ինքը վիճարկում է այդ փաստը վրացական ներպետական ատյաններում»:
Գևորգ Կոստանյանը վստահ է. կոնվենցիայով սահմանված ներպետական բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո ավելի կոնկրետ փաստեր կլինեն:
Լրագրողների այն հարցին, թե Աշոտ Սուքիասյանը չի՞ ցանկանում արդյոք արտահանձնվել Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, իր ցանկությունը չեմ կարող արտահայտել»: Իսկ թե վերջինիս չարտահանձնվելու ցանկությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ նրան Հայստան չտեղափոխելու համար ասաց. «Իհարկե, այստեղ ոչ ոք ցանկություն հաշվի չի առնում»:
Իրավաբան.net