Իրականացվել է իրավապահ մարմիների, փաստաբանների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա վերապատրաստում

Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ իրականացրել է քննիչների, դատախազների, ոստիկանների, փաստաբանների, հոգեբանների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա վերապատրաստում-քննարկումներ՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից տուժած երեխաների մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների առանձնահատկությունների և Բարնահուս մոդելի կիրառման վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշել է, որ այսպիսի վերապատրաստումները առավել քան արդիական են՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) մեր կողմից ստանձնած պարտավորությունները։ Առցանց սեռական բռնության դեմ պայքարը այժմ դարձել է գլոբալ առաջնահերթություն, և մենք պարտավոր ենք Հայաստանում ներդնել բոլոր ջանքերը՝ ապահովելու կանխարգելում, արձագանքում և վերականգնում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի հիման վրա։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող Բարնահուս մոդելի ներդրումը, որն արդեն ճանաչվել է որպես լավագույն փորձ այլ երկրներում, մեզ համար ևս դառնում է կարևոր հենասյուն։
Դասընթացին ներկա են գտնվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Վիկտորյա Օհանյանը շնորհակալություն է հայտնել Նախարարի տեղակալին և Կենտրոնի տնօրենին՝ հետևողականության և շարունակական համագործակցության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել