Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի՝ ՔՀԿ-ների հետ ենթադրամաշնորհային համաձայնագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։
ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ողջունեց ներկաներին։ Նա ընդգծեց, որ վերջիններս այստեղ ուսումնառություն են անցել, և այժմ եկել է արդյունքները վայելելու ժամանակը։ Կարծում է, որ ծրագիրը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
«Այս ծրագրի միտքը առաջացավ՝ ՀԿ-ներին և երիտասարդ մասնագետներին ուժեղացնելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական աչքով հետևել ամբողջ բյուջետային գործընթացին գործընթացին, պահել այն իրենց ուշադրության կենտրոնում և իրական ազդեցություն ունենալ գործընթացների հետագա կատարելագործման վրա»,– նշեց Կարեն Զադոյանը։
Միջոցառմանը ներկա էր Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը։ Բացման խոսքում նա նշեց, որ Եվրամիությունում բարձր են գնահատում կատարվող աշխատանքը։
«Այս ներկայացման ընթացքում, և՛ ես, և՛ իմ գործընկերները, բավականին մեծ քանակությամբ տեղեկատվություն ստացանք՝ ինչ բյուջե է նախատեսված կրթության համար, ինչ նպատակներ է դնում իր առջև Կառավարությունը և դրանց միջև առկա անհամապատասխանության մասին», – նշեց Յոսիպ Յուրիչը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում այժմ պլանավորում են առաջիկա երեք տարիների անելիքներն ու դրանց բյուջեները, և այս տեսանկյունից Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները իրապես կարևոր են:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը ևս ողջունեց ներկաներին, շնորհավորեց նրանց դրամաշնորհների ստացման առթիվ։
«Գիտե՞ք ինչն է մեզ ուրախացնում․ ներկայացված ծրագրերի բովանդակությունները շատ տարբեր էին։ Մենք ունենալու ենք մոնիթորինգի և հետազոտությունների միջոցառումներ և՛ գնումների գործընթացում, և՛ գյուղատնտեսության ոլորտում, և՛ սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնց հետևից կգնանք և կհետևենք բյուջետային ծախսերին»,-նշեց Հարությունյանը։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև պարզեցված բյուջե մշակելու նպատակով տրամադրվել է ութ դրամաշնորհ։
Այս ծրագրերի իրականացմանը երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ներում կամ ԶԼՄ-ներում ներգրավելու նպատակով տրամադրվել է ևս ութ դրամաշնորհ։
Ծրագրի շրջանակում, թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով, տրամադրվեց վեց դրամաշնորհ։
Արարողության ընթացքում Կարեն Զադոյանը խոսեց նաև հասարակական կազմակերպությունների ինքնիշխանության կարևորության մասին՝ ընդգծելով Եվրամիության և մյուս գործընկերների աջակցության պայմաններում դրա պահպանման անհրաժեշտությունը։
«ՀԿ-ները պետք է հասկանան, որ կազմակերպության տերը, ծառան և աշխատողը հենց իրենք են։ Ինչքան հնարավոր է, անհրաժեշտ է ապահովել ֆոնդերի բազմազանություն, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առաքելությունը», – ընդգծեց ԻՀԱ նախագահը։
Սույն տեսանյութը պատրաստվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատու է ծրագիրը և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։