Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունմամբ ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու հետ կապված գործողությունների իրականացման իրավական հնարավորության ապահովում։
Կառավարության որոշման նախագծում ասվում է․
«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» N 860-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում ««ա», «բ» և «գ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ա», «բ» և «գ» պարբերություններով» բառերով, իսկ «օտարելու» բառը փոխարինել «վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 860-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներից սահմանվել է բացառություն և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք տրանսպորտային միջոցը օտարելու դեպքում չպետք է պահանջել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում՝
ա․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանցից,
բ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանցից,
գ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ պետությանը կամ համայնքներին պատկանող կամ պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձանցից․
Որոշման ընդունման հիմնավորման մեջ, որպես դրա հիմնական նպատակ նշվել է, որ դրանով ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝
1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և
2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։
Վերը նշվածի արդյունքում՝ ապահովվում է բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։
Նշված նպատակը Որոշման կարգավորումը կապել է Որոշման շահառուի կողմից բացառապես տրանսպորտային միջոցի օտարման հետ, ինչը սակայն, շատ նեղ իմաստ ունի, քանի որ ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառելու և հաշվառումից հանելու կարգավորումներն իրենց մեջ ներառում են ինչպես տրանսպորտային միջոցի օտարումը, այնպես էլ այնպիսի դեպքերը, երբ տրանսպորտային միջոցը չի օտարվում, սակայն այդ տրանսպորտային միջոցի մասով կարիք է առաջանում կատարելու օրինակ՝ տրանսպորտային միջոցի հաշվառումից հանում (խոտանում), սեփականատիրոջ հասցեի փոփոխություն (վերահաշվառում) և այլն, որի պարագայում ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման պահանջների համաձայն՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը պետք է ներկայացնի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Որոշմամբ հետապնդվող նպատակի ամբողջականացման անհրաժեշտությամբ։