Պոլիտեխնիկում ամփոփվել է ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացման ծրագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել «Ոռոգման համակարգերի արդիականացում» նախագծի՝ «Հայաստանում ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների զարգացման» ծրագրի փակման արարողությունը։

Ծրագրի վերջնական նպատակներն են՝

  • Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացումը,
  • Ոռոգվող հողատարածքների ընդլայնումը,
  • Ջրօգտագործողների ընկերությունների կառավարման ներուժի զարգացումը,
  • Տեխնիկական զինվածության բարելավումը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ է իրականացրել ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) և «Ջրառ» ՓԲԸ-ի տեխնիկական, վարչական, ֆինանսական կառավարման ոլորտներում ներգրավված մասնագետների համար։ Համալսարանի մասնագիտական ներուժի և կրթական փորձառության շնորհիվ հնարավոր է դարձել ոլորտում բարձրացնել տեխնիկական և կառավարման հմտությունները:

Էլբակ Էլբակյան ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր «Պոլիտեխնիկական համալսարանը, որպես երկրի առաջատար տեխնոլոգիական գիտաուսումնական հաստատություն, կարևորում է ոլորտում աշխատակիցների պրակտիկ հմտությունների զարգացումը։ Բացի տեսական գիտելիքների փոխանցումից, իրականացվել են նաև մի շարք կիրառական աշխատանքներ։ Այս ծրագիրը մենք իրականացրել ենք մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով գտնել ոլորտի խնդիրների արդյունավետ լուծումներ։ Մենք տեսնում ենք այս ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը և պատրաստ ենք ապագայում ևս լինել աջակցող կողմ։ Պոլիտեխնիկը մշտապես կանգնած է կայուն զարգացման նախաձեռնությունների կողքին»:

Է․ Էլբակյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ համագործակցության և հաջողության համար:

Նանա Սկաու, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ «Կայուն զարգացման հիմքը գործընկերային մոտեցումն է, որը շատ հաճախ ավելի ազդեցիկ է, քան ցանկացած ուսուցում կամ վերապատրաստում: Դուք արդեն ունեք ներքին ներուժ՝ օգնելու միմյանց, և հենց դա է գործընկերային ուսուցման ուժը։ Դասընթացներից առաջ և հետո մեր իրականացրած գնահատումները ցույց են տվել, որ մասնակիցների գիտելիքը աճել է 22%-ով։ Այժմ մեր ուշադրության կենտրոնում է այդ գիտելիքի պահպանումն ու կիրառման կայունության ապահովումը։ Շնորհակալ եմ ծրագրի բոլոր ներգրավված կողմերին, սակայն ամենից կարևոր շնորհակալությունն ուղղում եմ մասնակիցներին, քանի որ հենց նրանք են այն ուժը, որը կարող է համակարգը դարձնել կենսունակ և արդյունավետ»:

Ծրագրում արդունավետ ներգրավվածության  և հաջող մասնակցության համար մասնակիցները ստացել են հավաստագրեր և խորհրդանշական նվերներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել