Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է:
Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից քսան տարի ժամկետով:
Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին:
Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել քսանհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ երեսուն տարին:
Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: