Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ:
Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն: