Վահագն Վերմիշյանի գործով ներկայացուցիչները քաղաքացիական վարույթը կարճելու միջնորդություն են ներկայացրել դատարան

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի հետ զրույցում Վերմիշյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ այս նիստին միջնորդել են, որպեսզի դատարանի վարույթում գտնվող Վահագն, Մարգարիտ և Սուսաննա Վերմիշյանների, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Արդշինբանկ» ՓԲԸ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին  քաղաքացիական գործի վարույթը կարճվի։

Պատասխանողների ներկայացուցիչների խոսքով՝ այն պարագայում, երբ հայցվորի կողմից Վերմիշյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ուսումնասիրությունը սկսելու, այնուհետև հայցադիմումը ներկայացնելու նպատակը եղել է «հանրային շահ» հանդիսացող հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը, ապա պատասխանող կողմից առավելագույնը կարող է բռնագանձվել

  • միայն 2019 թվականի մարտի 21-ից հետո ձեռք բերված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, որոնց ծագման օրինականությունը չի հիմնավորովում քաղաքացիական գործում առկա և պատասխանող կողմի ներկայացուցիչների կողմից ներկայացված ապացույցներով,
  • 2019 թվականի սեպտեմբեր ամսից հետո ձեռք բերված այն գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, որոնց ծագումը պատճառահետևանքային կապ ունի Վ․Վեմիշյանին վերագրվող հանցնաքների կատարման հետ։ Ավելին, Վ․Վերմիշյանին վերագրվող հանցանքների և բռնագանձման առարկա հանդիսացող գույքի առաջացման միջև պատճառահետևանքային կապը պետք է հաղթահարի «հիմնավոր կասկածից անդին» ապացուցողական շեմը, որի հաղթահարման հստակ պայմաները ի թիվս այլնի սահմանված են ՄԻԵԴ նախադեպային որոշումներում։

Էական հանգամանքներ վկայակոչելով՝ պատասխանողները խնդրել են բավարարել ներկայացված միջնորդությունը, իսկ հայցվորի ներկայացուցիչը ժամանակ է խնդրել դրան ծանոթանալու, ամբողջական դիրքորոշում հայտնելու համար։

Գործով հաջորդ նիստի օր է նշանակվել մայիսի 27-ին։

Ավելի վաղ Iravaban.net-ի հետ զրույցում Վերմիշյանի ներկայացուցիչները խոսել են ՍԴ որոշման, դրա հետագա ազդեցության, այս գործի կարճման հնարավորության մասին։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել