«Մեր գնահատմամբ՝ ՍԴ որոշումը հիմք է Վերմիշյանի գործի կարճման համար». Վ․ Վերմիշյանի փաստաբաններ

Ավելի քանի 3 տարի քննության առնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի սահմանադրության համապատասխանության հարցը, Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին որոշում է հրապարակել։ Այս որոշման, դրա հնարավոր ազդեցության ու գործերի հետագա ընթացքի մասին Iravaban.net-ը զրուցել է փաստաբաններ Արմեն Մելքումյանի և Ինգա Սարաֆյանի հետ։ Նրանք դատարանում նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներն են։

Արմեն Մելքումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս որոշմամբ մի քանի կարևոր կետեր ավելի հստակեցվեցին։ Փաստաբանը նշեց, որ իր մասնակցությամբ քաղաքացիական գործերով այս որոշումը մեծ ազդեցություն կունենա․ «Այն գործը, որը կապված է Վահագն Վերմիշյանին և նրա ընտանիքին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքին, մեր գնահատմամբ, պետք է կարճվի, ինչու, քանի որ ՍԴ-ն սահմանեց, որ ապօրինի գույքի հետ կապված հարցը բացառապես պետք է քննարկվի պաշտոնը ստանձնելուց հետո պաշտոնատար անձի կողմից ձեռք բերված գույքին կամ կապ ունենա հանցանքի հետ»։

Վահագն Վերմիշյանի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Ինգա Սարաֆյանը նշեց, որ հայցադիմումի մեջ առկա գույքերը ձեռք են բերվել մինչև Վերմիշյանի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելուց հետո․ «ՍԴ որոշումը բավարար հիմքեր է տալիս, որպեսզի մոտակա նիստին դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի հրաժարվի իր կողմից ներկայացված հայցային պահանջներից»։

Փաստաբան Արմեն Մելքումյանն էլ հավելեց՝ Վերմիշյանը 2019 թվականից է համարվել պաշտոնատար անձ․ «Վահագն Վերմիշյանը 2019 թվականին է ստանձնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ դատախազության կողմից այսօր դատարան ներկայացված հայցով նրանք պահանջում են 4 կտոր գույք, որոնք ձեռք են բերվել 2008-2009 թթ․ մինչև պարոն Վերմիշյանի պաշտոն զբաղեցնելը։

Մենք ակնկալում ենք հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու մայիսի 26-ին, դատախազությունը պետք է ի վերջո ներկայացնի հայցից հրաժարվելու միջնորդություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել