Գործազուրկ ծնողի վճարած «ալիմենտը»

Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

Ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Նշված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից (տաս հազար ՀՀ դրամից), իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:

Իսկ ո՞ր ծնողները կարող են համարվել գործազուրկ:

ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:

ՀՀ Կառավարության որոշմամբ գործազրկության նպաստի չափը սահմանված է 18 000 ՀՀ դրամ, որի 20 տոկոսը, յուրաքանչյուր երեխայի համար ամենամսյա ալիմենտի նվազագույն չափը, կազմում է 3 600 ՀՀ դրամ:

Իսկ ալիմենտը երեխաներին պահելու համար տրամադրվող միջոց է…

Ի դեպ, «Զբաղվածության մասին» նոր օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից, և առաջիկայում գործազրկության նպաստ կստանան միայն մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված և գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձինք:

Եթե ծնողը վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի, ապա դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով: Իսկ թե ինչ միջոցներից պետք է վաստակ և (կամ) այլ եկամուտ չունեցող ծնողը վճարի այդ ալիմենտը, դա օրենսդրության խնդիրը չէ…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել