Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետները քաղ. և վարչ. դատավարություններում

Քաղաքացիական գործերով նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

Ովքե՞ր իրավունք ունեն վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու դիմում ներկայացնել:

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.
2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.
3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:

Իսկ ի՞նչ ժամկետում անձն իրավունք ունի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման նողոք ներկայացնել:

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Նույն օրենսգրքի 204.33 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

Վարչական գործերով նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնող անձինք նույն են, ինչ քաղաքացիական գործերով, սակայն պետք է նշել, որ ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքով մանրամասնած է, թե ինչ ժամկետում իրավահաջորդը կարող է նման բողոք ներկայացնել:

Այսպես. նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։

Դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է ներկայացնել իրավահաջորդ ճանաչվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իրավանախորդը չի իրացրել դիմում ներկայացնելու իր իրավունքը մահվան պատճառով։

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ ժամկետում իրավահաջորդը կարող է դատական ակտի վերանայման բողք ներկայացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել