Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպաններից։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ շուտով լրանալու է գործի վաղեմության ժամկետը, ինքը միտում է տեսնում Ջալալ Հարությունյանի գործողություններում։
«Նախորդ դատական նիստի ժամանակ, երբ պաշտպանները բողոք էին բերել, նրանք չէին կցել դատական նիստերի ձայնագրման սկավառակը և կարծում եմ՝ միտումնավոր, որպեսզի վերադարձվի բողոքը տեխնիկական վրիպակն ուղղելու, իսկ նրանք պրոֆեսիոնալ փաստաբաններ են ու շատ բարձր մակարդակի, որ պատահաբար նման խախտում թույլ տային։ Այսօր դատական նիստի ժամանակ հրապարակվեց Ջալալ Հարությունյանի դիմումը այն մասին, որ ինքը շատ դժգոհ է իր պաշտպաններից և հրաժարվում է նրանցից։ Ինքն այնպիսի բաներ էր նշել նրանց հասցեին, որ ուղղակի զարմանալի էր, և խնդրել էր, որպեսզի դատարանը հետաձգի նիստը՝ իր համար նոր պաշտպաններ ներգրավելու համար»,-ասաց նա։
Լիպարիտ Սիմոնյանը հիշեցնում է, որ մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին։
«Իմ կարծիքով՝ ինքը շատ լավ հասկանում է, որ մեղադրանքը հիմնավոր է և կայացված դատավճիռը իր նկատմամբ, մեղքի մասով, ապացուցված է և բեկանման հիմք չի տեսել։ Նրան մնում է դատական նիստը ձգձգել, որ կարողանա վաղեմության ժամկետի ավարտին օգտվել այդ հիմքով գործի վարույթի կարճելուց կամ պատժի կրումից ազատվելուց։ Նպատակը դա է։ Դատախազը նույնպես այն կարծիքին է, որ դիտավորյալ է ձգձգվում գործի քննությունը»,-ասաց նա։
Ջալալ Հարությունյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը չի մեկնաբանում։
Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, 2020թ․ հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է ցուցաբերել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչվել, մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Հասմիկ Սարգսյան