ԱՄՆ և Իրանի բանակցողներն ավարտել են Օմանում ընթացող անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը ղեկավարոլ է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Բարձր մակարդակով տեխնիկական բանակցությունները տեղի են ունեցել օմանյան միջնորդների աջակցությամբ՝ Հռոմում բանակցային երկրորդ փուլից մեկ շաբաթ անց։ Երկրորդ փուլը կողմերը «կառուցողական» էին անվանել։ Բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքից ու տեմպից՝ միաժամանակ նշելով, որ դեռևս անհրաժեշտ է տարաձայնությունների հետագա ուսումնասիրումը։ «Բանակցությունները լավ են ընթանում, գոհացուցիչ, լավ միջավայրում, կողմերը լրջորեն են տրամադրված»,- ասել է նա։ Արաղչին նշել է, որ բանակցությունների այս փուլն առավել լուրջ է եղել, քան նախորդը, և աստիճանաբար անցում են կատարել առավել մանրամասն և տեխնիկական քննարկումների։ Համապատասխան թիմերը կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ հաջորդ հանդիպումից առաջ հարցերի հետագա գնահատման համար։ Հաջորդ փուլը նախնական տեղեկություններով նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ օրը։ Թե Իրանը, թե ԱՄՆ-ն բանակցությունների առաջին երկու փուլը «կառուցողական ու խոստումնալից» են անվանել, սակայն Արաղչին «զգուշավոր լավատեսություն» է հայտնել այս շաբաթ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ։
Աղբյուրը՝ 1lurer.am: