«Բերվածի» կարգավիճակը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ազատությունից զրկելու քրեադատավարական կառուցակարգերը չեն սահմանափակվում «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտներով, այլ ներառում են նաև արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմին բերվելու կառուցակարգը:

Համապատասխանաբար, մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական վիճակ, որը պայմանականորեն կարելի է անվանել «բերվածի» կարգավիճակ:

Չնայած բերվածի կարգավիճակի կարճատևությանը` բերվածը պետք է օժտված լինի սահմանադրական և կոնվենցիոն համապատասխան երաշխիքներով:

Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` «Յուրաքանչյուր ոք, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի արդարացի դատաքննության իրավունք: Նույն հոդվածի 3-րդ կետն ամրագրում է հանցագործություն կատարելու մեջ յուրաքանչյուր մեղադրվողի նվազագույն իրավունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոնտեքստում «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային(գործնական) իմաստով: Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել