Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` կարող է պահպանվել այն արտադրանքը, որը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը՝
1) ստացվում է ավանդական սկզբնական հումքից.
2) բնութագրվում է ավանդական բաղադրությամբ.
3) բնութագրվում է արտադրության և (կամ) վերամշակման եղանակով, որը համապատասխանում է արտադրության և (կամ) վերամշակման ավանդական եղանակին։
Բնութագիրը կամ բնութագրերի համախմբությունը, որը պայմանավորում է արտադրանքի յուրահատկությունը, պետք է կապված լինի այդ արտադրանքին բնորոշ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ օրգանոլեպտիկ (զգայորոշման) հատկությունների հետ, արտադրության եղանակի կամ առանձնահատուկ պայմանների հետ։ Արտադրանքի արտաքին տեսքը չի համարվում դրա յուրահատկության բնութագիր։
Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել, եթե նրա անվանումն ըստ էության յուրահատուկ է կամ արտահայտում է արտադրանքի յուրահատկությունը։
Յուրահատուկ անվանումը պետք է լինի ավանդական և համապատասխանի կայացած սովորույթներին։
Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է պարունակել աշխարհագրական վայրի անվանում, եթե այն չի վնասում պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքին։
Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը չպետք է վնասի ապրանքային նշանի իրավունքին կամ մտավոր սեփականության այլ իրավունքներին։
Բույսի տեսակի և կենդանու ցեղատեսակի անվանումը կարող է օգտագործվել ավանդական երաշխավորված արտադրանքի անվանման մեջ, եթե սպառողը մոլորության մեջ չի ընկնի արտադրանքի բնույթի հարցում: