Ո՞ր դեպքերում են մեր դատարանները գործը դատաքննության նախապատրաստում

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495–րդ հոդվածի համաձայն` դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ դատարանը յուրաքանչյուր գործ կամ գոնե առավել բարդ գործերը, պետք է նախապատրաստի դատաքննության: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում:

Պետք է նշել, որ մեր դատարաններում հիմնականում չի պահպանվում օրենքի վերը նշված պահանջը, և դատավորի ցանկության առկայության դեպքում են միայն գործերը նախապատրաստվում դատաքննության: Գործերի զգալի մասը քննվում են առանց նախապատրաստական փուլի, ինչը, մեր խորին համոզմամբ, օրենքի կոպիտ խախտում է:

Ընդգծելու համար դատաքննության նախապատրաստական փուլի կարևորությունը ուղղակի նշենք, թե ինչ գործողություններ պետք է կատարի դատարանն այդ փուլի շրջանակներում:
Այսպես.

‘Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝
1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.
6) կողմերի միջնորդությամբ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.
7) կողմերի միջնորդությամբ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.
8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.
9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Կարծում ենք, դատարանների կողմից ձևավորված վերոնշյալ պրակտիկայի հիմքում ընկած է նշված հարցի` օրենսդրորեն ոչ հստակ կարգավորված լինելը:

Մասնավորապես. Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ հստակ նշված չէ, թե ի՞նչ չափանիշներ պետք է հաշվի առնի դատարանը` գործը դատաքննության նախապատրաստելու կամ չնախապատրաստելու մասին որոշում կայացնելու համար:

Կամայականությունները վերացնելու և գործերի քննությունն առավել արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք օրենսդրորեն հստակեցնել արդեն նշված չափանիշներն ու հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը պարտավոր կլինի գործը նախապատրաստել դատաքննության:

Գոհար Կոստանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել