Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

Այսօր մեղադրանք է առաջադրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ:  Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով:

Հիշյալ հոդվածի համաձայն՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:

Հիշեցնենք, որ 25.01.2014 թ. ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը: 27.01.2014 թ. Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:  Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:

Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել