Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի օգնությամբ և Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում  հունվարի 31-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում հայտնաբերվել է Աշոտ Սուքիասյանին: Այդ մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Ներկայումս որոշվում է նրան ՀՀ իրավապահներին հանձնելու  (էքստրադիցիա) հարցը:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը դեռևս 2013 թվականի հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում էր կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատճառման, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լուսանկարը՝ hraparak.am

 Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել