Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ (հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերի լուծումը) և 74-րդ (Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը) հոդվածներով նախատեսված գործերով կարող է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը հանձնարարել վարչական դատարանին:
Սահմանադրական դատարանի հանձնարարության մեջ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի վարչական դատարանը:
Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարվում է դրանով սահմանված ժամկետում:
Սահմանադրական դատարանի հանձնարարության կատարումը դրանով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում վարչական դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան հանձնարարության կատարման ժամկետը լրանալուց երեք օր առաջ սահմանադրական դատարանին գրավոր իրազեկել այդ մասին: Սահմանադրական դատարանի կողմից հանձնարարության կատարման ժամկետը չերկարաձգելու կամ հանձնարարությունը մեկ այլ մարմնին չվերահասցեագրելու դեպքում ուժի մեջ է մնում սահմանադրական դատարանի արդեն իսկ սահմանած ժամկետը:
Սահմանադրական դատարանի հանձնարարության հիման վրա ապացույցները ձեռք են բերվում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապացույցներ ձեռք բերելու համար սահմանված կանոններին համապատասխան:
Սահմանադրական դատարանի հանձնարարությունը կատարելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում, որը ձեռք բերված ապացույցների հետ անհապաղ ուղարկում է սահմանադրական դատարան: