«Հոգևոր կրթությունն էլ ավելի մեծ փորձությունների առաջ է կանգնելու»․ Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Իրավաբան.net «Եկեղեցին և իրավունքը»  հարցազրույցների շարքի շրջանակում Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի հետ զրուցել ենք «Հոգևոր կրթությունը 21-րդ դարում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։

-Արդի աշխարհում ի՞նչ է իրենից ներկայացնում հոգևոր կրթությունը և որո՞նք են դրա հիմնական նպատակները ժամանակակից հասարակության մեջ:

-Թե՛ 21-րդ դարում, թե՛ 5-րդ դարում մարդու հոգևոր պահանջմունքները նույնն են։ Դրանք կարող են ձևափոխվել, տարբեր դրսևորումներ ստանալ, բայց միևնույն է, թե՛ 5-րդ դարում, թե՛ 21-րդ դարում մարդը կարիքն ունի հոգևոր կրթության։ Իսկ հոգևոր կրթությունն Աստծուն և հոգևոր արժեքներով ավելի զորավոր, բարոյական կերտվածք ունենալն է։ Այնպես որ բացարձակ տարբերություն չկա, թե մենք որ դարում ենք ապրում։ Այո, ժամանակակից աշխարհն իր հետաքրքրություններ ու իր գայթակղություններն է բերում մարդու համար։ Բայց որքան էլ որ մարդս մեծ այլընտրանք ունենա իր կյանքը լցնելու, իր հետաքրքրությունները փարատելու՝ միևնույն է, առանց հոգևոր կրթության, առանց աստվածայինի հետ շփումի մի բան բաց է մնալու։

-Ասացիք, որ հոգևոր կրթությունը կարևոր է հատկապես Աստծուն ճանաչելու համար, արհեստական բանականության այս դարաշրջանում, օրինակ, երիտասարդներին հետաքրքրո՞ւմ է, իրենք փորձ անո՞ւմ են Աստծուն ճանաչելու։

-Ես կարծում եմ, որ արհեստական բանականության ժամանակակից շրջանում մարդիկ դեռ շատ փնտրտուքի մեջ են, ինչպես որ փնտրտուքի մեջ է ԱԲ-ն։ Երբեմն զարմանքով եմ նկատում, որ ծայրաստիճան տարբեր դիրքորոշումներ ունեցող ճամբարներ կան։ Կարևոր է մի բան․ ԱԲ-ն մարդու կողմից ստեղծված գործիք է և միջոց է, որի հետ հաշվի չնստել չի լինի և պետք է հասկանալ՝ մենք ինչպե՞ս պետք է աշխատենք, ինչպե՞ս կարող ենք շարունակել մնալ մարդ արհեստական բանականության դարաշրջանում։ Մի դարաշրջան, որտեղ մեքենան գալիս է փոխարինելու մարդու շատ ու շատ գործառույթների։ Սրանից ոչ թե զարհուրել է պետք, այլ պետք է հասկանալ, թե մենք սրա դիմաց ինչ ունենք դնելու և սրանից հետո է, որ մենք պետք է մտածենք հոգևոր կրթության, Աստծուն փնտրելու հարց մարդն ունի՞, թե չունի։ Նույնիսկ արհեստական բանականության զարգացման գագթնակետին, եթե հասնենք, չգիտեմ՝ դա երբ է լինելու, այդ ժամանակ նույնիսկ մարդը փնտրելու է Աստծուն։ 

-Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում Հայ Եկեղեցու պատմության դասավանդման հարցը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Ինչպե՞ս պետք է կազմակերպվի հոգևոր կրթությունը կրթական հաստատություններում՝ հաշվի առնելով և՛ Սահմանադրությամբ ամրագրված կրթության աշխարհիկ բնույթը, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու առանձնահատուկ դերը:

-Հուսանք, որ օրերից մի օր կշտկվի այս խնդիրը և վերստին կդասավանդվի, բայց մինչև այդ օրվան հասնելը եկեղեցին ինչպես զբաղվել է իր ժողովրդի կրթությամբ և դաստիարակությամբ, այդպես էլ պետք է շարունակի զբաղվել՝ առվել հզորացնելով համայնքային կառույցները։ Սրանք գործիքներ են, որ եկեղեցին միշտ ունի և պետությունը մեզ որևէ հարցում կաջակցի, թե չի աջակցի, մենք պետք է շարունակենք այս գործիքները կիրառել։ Ես վստահ եմ, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան վերականգնվելու է, բայց մինչ այդ բոլոր եկեղեցիները պետք է կարողանան վերականգնել երիտասարդաց միությունները և պետք է զարկ տրվի կիրակնօրյա դպրոցներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել