Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:
Ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր․ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։
Գյումրու ՏԻՄ ընտրության նախնական արդյունքները հայտնի են և ըստ այդմ՝ ընտրական շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: Որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձևավորելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 183 քվե, ձայների 36.21 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 727 քվե, ձայների 20.5 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ 2888 քվե, ձայների 6.11 տոկոսը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7245 քվե, ձայների 15.5 տոկոսը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3685 քվե, ձայների 8.8 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը 1 654 քվե, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 651 քվե, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 211 քվե, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1 406 քվե։ Անճշտությունների գումարային չափը 945 է, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 624:
Ընդդիմադիր երկու ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին, սակայն Մարտուն Գրիգորյանը, որի «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները, դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել:
Հանրությունը սպասողական վիճակում է, քանզի Գյումրիում ՔՊ-ի տապալումը և ընդդիմության հաղթանակն այս պահին փաստացի կախված է Մարտուն Գրիգորյանից։