Արտագնա աշխատանքային միգրացիայի ոլորտը կարգավորված չէ. Արմեն Գալստյան

Աշխատանքային միգրացիայի կառավարման վրա իր բացասական ազդեցությունն է թողնում արտագնա աշխատանքային միգրացիայի ոլորտում կարգավորման բացակայությունը: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» եռամյա ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ աշխատանքային անկանոն միգրացիոն հոսքերի կառավարման գործընթացին:

«Այս նպատակին հասնելու համար ծրագրային միջոցառումներ են իրականացվում չորս հիմնական ուղղություններով. առաջինը`աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների (ԱՏՄԳ) կարողությունների հզորացում, երկրորդը` աշխատանքային շրջանառու (ցիրկուլյար) միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում, երրորդը` միգրացիոն տվյալների հավաքագրման, վերլուծության և քաղաքականության մշակման ու իրագործման հարցում Հայաստանի շահագրգիռ մարմինների կարողությունների հզորացում, չորրոդը` Միգրացիայի կառավարմանն առնչվող հայկական օրենսդրության համապատասխանեցում «ԵՄ acquis» օրենսդրական շրջանակին»,- հայտնեց Արմեն Գալստյանը:

Նրա խոսքով` գործակալությունների կարիքները վեր հանելու նպատակով իրականացվում են վերլուծություններ և հետազոտություններ, իսկ նրանց հմտությունների զարգացման գործընթացը խթանելու համար պարբերաբար կազմակերպվում են համաժողովներ, վերապատրաստման դասընթացներ և կլոր սեղաններ: Շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածություն: Մասնավորապես, միգրացիոն քաղաքանությունը մշակող պետական կառույցների և այդ քաղաքականության արդյունավետությունը գնահատող հասարակական կազմակերպությունների համար կազմակերպվում են համաժողովներ, առանց հղումների հանդիպումներ և մշակվում են քաղաքանության համառոտագրեր, որոնք հնարավորություն են ընձեռում մշակել շրջանառու աշխատանքային միգրացիայի վերաբերյալ փոխհամաձայնեցված հանրային դիսկուրս:

«Երկրում անկանոն միգրացիայի վտանգների վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակվել և հրատարակվել են Հայաստանից Շվեդիա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Սլովենիա մեկնող շրջանառու աշխատանքային միգրացիայի համար նախատեսված գործնական ուղեցույցեր, ինչպես նաև նկարահանվել են սոցիալական գովազդներ և վավերագրական ֆիլմեր, որոնք հեռարձակվում են հանրային հեռուստատեսությամբ»,- տեղեկացրեց Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի գործադիր տնօրեն:

Արմեն Գալստյանի փոխանցմամբ` միգրացիոն հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության և համապատասխան քաղաքականության մշակման և իրականացման գործում առանցքային խնդիր է համակարգել արդեն իսկ առկա տվյալների բազաները, մշակել տվյալների դասակարգման ընդհանուր սկզբունքներ և ապահովել միջգերատեսչական համագործակցություն՝ ամբողջական և ինտեգրված տվյալների բազա ստեղծելու նպատակով: Կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ շահագրգիռ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ և մշակվում են համապատասխան մեխանիզմներ և գործիքներ:

«Մենք մեր ծրագրի շրջանակներում, համագործակցելով պետական պատասխանատու մարմինների հետ, ցուցաբերել ենք օժանդակություն դաշտը կարգավորելու ուղղությամբ: Մասնավորապես, կազմակերպել ենք փորձի փոխանակման այցելություններ Եվրոպական երկրներ, որոնց ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչները անմիջականորեն ծանոթացել են արտագնա աշխատանքների կարգավորման եվրոպական փորձի հետ, նրանց ներկայացվել են աշխատանքային միգրացիայի և զբաղվածության ոլորտներում պետություն-հասարակական սեկտոր-բիզնես համագործակցության լավագույն փորձն ու դրանց միջոցները: Հրավիրել ենք մի քանի քննարկումներ առկա խնդիրների շուրջ:

Բացի դրանից պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ կատարվել են վերլուծություններ մշակվել են զեկույցներ, որոնց արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որտեղ առանձին գլխով կարգավորվում է աշխատանքի տեղավորման և զբաղվածության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների գործունեությունը, դրվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության հստակ հիմքեր այդ ոլորտում»,- նշեց Արմեն Գալստյանը:

ՀՀ և ԵՄ համագործակցության շրջանակներում միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի աջակցության նպատակով երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ են կազմակերպվում՝ աջակցելու միգրացիայի կառավարման աշխատանքներին: Գործողությունների արդյունքում ձևավորվում են համապատասխան քաղաքականություն և գործնական մեխանիզմներ:

Ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ սերտ համագործակցության արդյունքում մշակվել է «Զբաղվածության գործակալություններին տեղեկատվական աջակցության համակարգը» (ՈւԼԻՍՍԵՍ), որը հնարավորություն է ընձեռում ԶԱՏՄԳ-երին հետևողականորեն և եվրոպական չափանիշներին հարիր ձևաչափերով ներկայացնել հայաստանյան աշխատուժը միջազգային աշխատաշուկայում, իսկ միգրացիայի ճանապարհը նախընտրած ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել զբաղվածության որակյալ ծառայություններից և խուսափել անկանոն միգրացիայի ռիսկերից:

«Հարթակը հնարավորություն է տալիս արդյունավետորեն միացնել ԵՄ անդամ պետությունների աշխատուժի պահանջարկը Հայաստանի աշխատուժի առաջարկին՝ հեշտացնելով երկու աշխատաշուկաների միջև տեղեկատվության փոխանակումը, զգալիորեն նվազեցնելով գործարքային ծախսերը, ինչպես նաև ձևավորելով վստահություն Շրջանառու աշխատանքային միգրացիայի գործընթացի նկատմամբ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների և ընդհանրապես հասարակության շրջանում»,- նշեց Արմեն Գալստյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել