Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել, որով Մհեր Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ըստ հրամանագրում նշված հոդվածի՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից»:
Նշենք, որ Շիրինյանը նաև հայտնի քրեական գործերից մեկով է անցնում։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Կամո Քոչունցը, ընդգրկված լինելով ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի անդամ, խմբային շահերից ելնելով՝ նույն հանձնաժողովի կազմում ընդգրկված ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի, ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավար Արիս Բրուտյանի, ՊՆ ԶՍՊ վարչության պետ Սերժ Առուշանյանի, իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի, կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի, ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի և ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետ Ստեփան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Գործով հանրային մեղադրողը ավելի վաղ նշել է նաև, որ մեղադրյալներ Կամո Քոչունցի, Մհերի Շիրինյանի և Սասուն Սիմոնյանի ցուցմունքներով հիմնավորվել է Բնակարանային կենտրոնական հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի նշված հասցեում գտնվող շենքից բնակարաններ տրամադրելու գործընթացի, ինչպես նաև նախարարի հանձնարարությամբ մի շարք զինծառայողների՝ առանց վերջինիս բնակարանների վերաբերյալ հարցը քննարկելու, գործերն ուսումնասիրելու, բնակարաններ տրամադրելու հանգամանքները։