Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը: Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ:

Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի ժամանակ ներկայացնելով ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ձերբակալված բոլոր անձանց ենթարկել բժշկական զննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Փոխնախարարի խոսքով բուժզննմանը կարող է մասնակցել նաեւ տվյալ անձի ընտրած բժիշկը:

Օրինագծով սահմանվում է նաեւ խոշտանգման դեպքերի արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել