Դպրոցականներին հսկող տեսուչների քանակն ավելացել է

2013 թվականին ընթացքում անչափահասների կողմից արձանագրված հանցագործությունների քանակը 2012 թվականի համեմատ աճել է: Եթե 2012 թվականին արձանագրվել է հանցագործության 414 դեպք, ապա 2013-ին այդ թիվ ավելացել է 4-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ եթե ընդհանուր հանցագործությունների քանակի մեջ անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները ընդհանուր քանակը 2012 թվականին կազմել է 2.2 տոկոս, ապա 2013 թվականին այդ թիվն աճել է՝ հասնելով 2.6 տոկոսի:

2013 թվականին չի գրանցվել անչափահասների կողմից կատարված ապանության որևէ դեպք: Մինչդեռ 2012 թվականին գրանցվել է անչափահասի կողմից կատարված սպանության մեկ դեպք: «Պատճառները կարող են բազմաթիվ լինել: Նախ անչափահասների գործերով զբաղվող ծառայությունը՝ իրականացվող աշխատանքների արդյունքում դպրոցներում տարբեր հանդիպումներ են կազմակերպվում: Հնարավորինս փորձում ենք աշակերտների մոտ բարձրացնել իրազեկվածությունը և տեղյակ պահել իրենց հավանական արարքների հետևանքները»,- ասաց Արթուր Վարդանյանը:

Վերջինիս խոսքով՝ 2013 թվականին Երևանի, Վանաձորի և Գյումրու բաժիններին հատկացվեցին դպրոցական տեսուչների 15 հաստիք. «Նրանք ամբողջ օրը լինում են դպրոցներում և վերահսկում անչափահասներին: Նրանք հիմնականում վերահսկում են ավագ դպրոցների աշակերտներին»: Բանախոսի փոխանցմամբ՝ անչափահասների կողմից հանցագործություն կատարելուն կարող են նպաստել տարբեր գործոններ, սակայն հիմնական խնդիրը ծնողների անուշադրությունն է. «Ես խորհուրդ կտամ բոլոր ծնողներին ավելի ուշադիր լինեն իրենց երեխաների վարքագծին: Փորձեն պարզել իրենց երեխաների զբաղվածության մասին: Հենց անուշադրության պակասը կարող է շատ հանցագործությունների պատճառ դառնալ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել