Ծխախոտի գովազդն ու վաճառքի խթանումը կարգելվի

Հունվարի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց 2014թ. առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց նիստի օրակարգը: Այս մասին հայտնում է ԱԺ-ի կայքը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծերի  փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր կողմ  արգելում  է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց  5 տարվա ընթացքում կձեռնարկվեն պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ այլ միջոցներ:

Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ ծխախոտի գովազդի արգելումը  մեծապես կնպաստի դեռահասների շրջանում ծխելու տարածվածության կանխարգելմանը: Վերջին տասնամյակում ծխախոտի դեմ պայքարը ՀՀ գերակա խնդիրներից մեկն է դարձել, քանի որ ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը:

Օրինագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն՝  նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել