Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանության պետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված կարգով: