Նախկին նախագահները ցավակցություն են հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։

Երկրորդ նախագահը նշել է, որ Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի․

«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։
Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին»։

Երրորդ նախագահն էլ նշել է, որ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին․

«Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:

Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել