Հարկային արտոնություններ՝ ՀԿ-ներին․ պետություն-ՔՀԿ համագործակցության խթանում

Այս հրապարակումը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի հերթական նյութն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Iravaban.net-ն ուսումնասիրել է պետություն-ՔՀԿ-բիզնես համագործակցության փորձը եվրոպական մի շարք երկրներում։ Այս 3 ոլորտներն աշխատում են համատեղ՝ լուծելու սոցիալական, տնտեսական և էկոլոգիական խնդիրներ, որոնք ծառանում են պետությունների առաջ։ Օրինակ՝ Սկանդինավյան երկրներում (Շվեդիա, Դանիա, Նորվեգիա) գործարկվել են սոցիալական պայմանագրեր, որտեղ բիզնեսները պարտավորվում են ներդրումներ անել սոցիալական նախագծերում։

Եվրոպայում պետություն-ՔՀԿ-բիզնես համագործակցությունը գործում է որպես արդյունավետ մոդել՝ նպաստելով կայուն զարգացմանը, սոցիալական նորարարությանը և ժողովրդավարական կառավարմանը։ Այս փորձառությունը կարող է օգտակար լինել նաև այլ երկրների համար՝ պետական կառույցների, ՔՀԿ-ների և բիզնեսի միջև համագործակցությունը խորացնելու համար, օրինակ՝ Հայաստանի։

Հայաստանում 2014 թվականին ընդունված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը» առաջին և վերջին համապարփակ փաստաթուղթն էր, որն անդրադառնում էր ՔՀԿ-ների զարգացմանը։

Մեր երկրում պետություն-ՔՀԿ համագործակցությունը իրականացվում է տարբեր եղանակների միջոցով։ Եվրոպական երկրներում հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) ունեն տարբեր հարկային արտոնություններ, որոնք խրախուսում են նրանց գործունեությունը և ապահովում ֆինանսական կայունություն։ Այդ արտոնությունները տարբերվում են ըստ երկրների, բայց ներառում են հետևյալ հիմնական մեխանիզմները։

Պետությունը կարող է տրամադրել տարբեր տեսակի աջակցություն մասնավոր գործընկերներին, ներառյալ դրամաշնորհներ, սուբսիդիաներ, երաշխիքներ և հարկային արտոնություններ: Սա արվում է ներդրումները խրախուսելու և ծրագրերի կայունությունն ապահովելու նպատակով: Այպես կարող է ամրապնդվել նաև պետություն-ՔՀԿ-բիզնես կապը։

Օրինակ՝ ԵՄ որոշ երկրներում ՀԿ-ները ազատվում են ԱԱՀ-ից կամ օգտվում են ցածր հարկային դրույքաչափերից, բարեգործական ՀԿ-ների որոշ ծառայություններ և նվիրատվություններ չեն հարկվում ԱԱՀ-ով, որոշ ՀԿ-ներ (օրինակ՝ առողջապահական կամ կրթական) ազատված են ԱԱՀ-ից։

ՀԿ-ներին նվիրատվություն կատարող անձինք և ընկերություններ կարող են օգտվել հարկային նվազեցումներից․

  • Մեծ Բրիտանիա-Gift Aid ծրագիրը թույլ է տալիս նվիրատուներին նվազեցնել իրենց եկամտահարկը,
  • Շվեդիա-Նվիրատվությունները ՀԿ-ներին կարող են կրճատել եկամտահարկը մինչև որոշակի սահման։

ՀԿ-ների օգտագործած գույքի համար որոշ երկրներ տրամադրում են գույքահարկի արտոնություններ։

  • Իտալիա-Ոչ առևտրային ՀԿ-ները ազատվում են որոշ գույքահարկերից, եթե գույքը օգտագործվում է հանրային կամ սոցիալական նպատակներով,
  • Դանիա-ՀԿ-ները կարող են ստանալ գույքահարկի նվազեցումներ, եթե իրենց շենքերը օգտագործվում են սոցիալական կամ կրթական ծրագրերի համար։

Որոշ երկրներում ՀԿ-ներում աշխատող անձինք կարող են օգտվել եկամտահարկի նվազեցումներից։

  • Ֆինլանդիա-ՀԿ-ներում աշխատողների աշխատավարձերը կարող են հարկվել ավելի ցածր դրույքաչափով,
  • Իսպանիա-Որոշ ՀԿ-ների աշխատակիցները ազատվում են որոշակի սոցիալական վճարներից։

ՀԿ-ներին հարկային արտոնությունների տրամադրումը կարող է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և պետության ֆինանսական բեռի նվազեցմանը։ Սակայն անհրաժեշտ է ապահովել վերահսկողության մեխանիզմներ՝ չարաշահումները կանխելու, բյուջեի կայունությունը պահպանելու և մրցակցային հավասար դաշտ ապահովելու համար։

Իդեալական լուծում կլինի, եթե հարկային արտոնությունների տրամադրումն ավելի նպատակային դարձվի, առանձնացվեն  հասարակական շահառու ՀԿ-ները, և խստացվեն թափանցիկության ու հաշվետվողականության պահանջները։

Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել