Գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի, բաղադրատարր, գլխավոր, պատկանելիք, անհատապես և տեսակային հատկանիշներով որոշվող:
Եվ այսպես.
Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:
Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են որպես մեկ գույք (բաղադրատարր գույք):
Բաղադրատարր գույքի առնչությամբ կնքված գործարքի գործողությունը տարածվում է դրա բոլոր բաղադրիչ տարրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Անհատապես որոշվող գույք է համարվում այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով առանձնացված գույքը: Անհատապես որոշվող գույքն անփոխարինելի է:
Տեսակային հատկանիշներով որոշվող գույք է համարվում նույն տեսակի այլ գույքին ներհատուկ հատկանիշներով օժտված և թվով, քաշով ու չափով որոշվող գույքը: Տեսակային հատկանիշներով որոշվող գույքը փոխարինելի է: