Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Դատաքննության գրավոր ընթացակարգն իրականացվում է դատական քննության բանավոր ընթացակարգը կարգավորող կանոններով՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատաքննության գրավոր ընթացակարգի նկատմամբ:
Գրավոր դատաքննություն կիրառելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:
Գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել դատավարության յուրաքանչյուր փուլում։
Վարչական դատարանի գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դատավարության մասնակիցներին:
Եթե գրավոր ընթացակարգով քննելու համար գործը նախապատրաստելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին։