ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/12601/05/21 վարչական գործով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է ձևական պահանջները չարաշահելու արգելքի, ինչպես նաև առավելագույնի հիմնարար սկզբունքների էության բացահայտմանը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ձևական պահանջները չարաշահելու արգելքը միտված է ֆիզիկական (իրավաբանական) անձանց և վարչական մարմինների փոխգործակցությանը, ինչն իր հերթին կարող է կանխարգելել վերջիններիս կողմից ֆիզիկական (իրավաբանական) անձանց հանդեպ դրսևորվող բյուրոկրատական վարքագիծը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքներից է նաև առավելագույնի սկզբունքը, ավելի ճշգրիտ «առավելագույնը ներառում է նվազագույնը» («a majore ad minus»)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առավելագույնի սկզբունքը վարչական վարույթի մասնակիցների համար երաշխիք է ընդդեմ վարչական մարմինների կողմից բյուրոկրատական վարքագծի հնարավոր դրսևորումների։ Մասնավորապես, գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ վարչական մարմինները ֆիզիկական (իրավաբանական) անձանցից պահանջում են առանձին-առանձին կատարել այն գործողությունը, որը, ըստ էության, բովանդակային առումով վերջիններիս կողմից արդեն իսկ կատարվել է մեկ ընդհանուր գործողության շրջանակներում։ Վարչական մարմինների նմանատիպ վարքագիծը կանխելու համար էլ օրենսդիրը երեք հնարավոր ուղղություններով արգելքներ է սահմանել վարչական մարմինների համար։
Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բարենպաստ վարչական ակտ հայցելու կամ գործողություն կատարելու համար օրենքով սահմանված պարտականությունները ֆիզիկական (իրավաբանական) անձանց կողմից բովանդակային առումով կատարված լինելու պարագայում, եթե դրանք բավարար են բարենպաստ վարչական ակտն ընդունելու կամ գործողությունը կատարելու համար, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում, չեն կարող պահանջել լրացուցիչ կամ առանձնացված ձևով ներկայացնել այն փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները), որոնք արդեն իսկ ներկայացված է վարչական մարմնին և բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակությունը։ Ըստ այդմ՝ վարչական մարմիններն իրավունք չունեն միայն ձևական պահանջների պահպանման նպատակով ֆիզիկական (իրավաբանական) անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը:
Վճռաբեկ դատարանի որոշումը այստեղ։