Ազատազրկման դատապարտված փաստաբանի արտոնագիրը ճանաչվել է ուժը կորցրած

Փաստաբան Կարինե Արմենի Ավանեսյանի արտոնագիրը ճանաչվել է ուժը կորցրած: Նման որոշում է կայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 28.12.2013թ. գրությունը, որի համաձայն 28.09.2013թ. օրինական ուժ  ստացած թիվ ԵԱՔԴ 0013/01/12 դատավճռով ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) փաստաբան Կարինե Արմենի Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով: Նկատի ունենալով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջն առ այն, որ անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ի գիտություն ընդունելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված խարդախության հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչն իր հերթին դասվում է դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին, 

 Ո Ր Ո Շ Ե Ց Ի` 

 1. Դադարեցնել Կարինե Ավանեսյանի փաստաբանական գործունեության թիվ 256  արտոնագրի գործողությունը` այն ճանաչելով ուժը կորցրած: 

2. Կարինե Ավանեսյանին հանել Պալատի փաստաբանների ցուցակից: 

3. Պալատի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման օրինակն ուղարկել 

Կարինե Ավանեսյանին : 

Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում»: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել