Խարդախ փաստաբանի արտոնագիրը Արա Զոհրաբյանն ուժը կորցրած է ճանաչել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ դադարեցվել է Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը և այն ճանաչվել է ուժը կորցրած։ Նույն որոշմամբ`Հրայր Քիշմիրյանը հանվել է նաև պալատի փաստաբանների ցուցակից։

Բանն այն է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստաբանին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար՝ դատապարտվելով 1,6 տարվա ազատազրկման։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի դեկտեմբերի 16-ին, որի մասին Փաստաբանների պալատը պատշաճ ծանուցվել է վերջերս։

Որոշումը կայացնելու համար ՀՀ փաստաբանների պալատի նախագահի համար հիմք է հանդիսացել այն, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ անձը չի կարող լինել փաստաբան, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված խարդախության հանցակազմը բնորոշվում է որպես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչն իր հերթին դասվում է դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին և ինչպես նաև այն, որ Քիշմիրյանի դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ որոշման կայացման պահին:

Այս որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել