Եվրաքվեի ստորագրահավաքը նախաձեռնած Ժողովրդավարական ուժերի հարթակի հայտարարությունը՝ այսօր ՀՀ կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենսդարական նախաձեռնությանը հավանություն տալու կապակցությամբ։
«Ժողովրդավարական ուժերի հարթակը ողջունում է ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշումը, որով հավանություն տրվեց Եվրաքվեի նախաձեռնած եւ քաղաքացիների 50000-ից ավելի ստորագրություններ հավաքած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրամիությանը անդամակցության գործընթաց։ Այսպիսով, Կառավարությունը իր համերաշխությունն ու համախոհությունը հայտնեց Հայաստանի ժողովրդի կայացրած պատմական քաղաքակրթական ընտրությանը։
Գնահատելի է , որ կառավարությունը չօգտվեց մինչեւ փետրվարի 12-ը օրենքով սահմանված ժամկետից եւ քննարկեց ու որոշում կայացրեց ամանորի տոներից անմիջապես հետո իր առաջին նիստում։ Հորդորում ենք Ազգային ժողովին եւս չհապաղել եւ հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել եւ ընդունել օրենքը։
Ըստ այդմ, Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է սպասի այս կարեւոր գործընթացի ճանապարհային քարտեզի համաձայնեցմանը Եվրամիության հետ, այլ, հիմնվելով կոպենհագենյան 12 սկզբունքների վրա, նախ պետք է իր համար սահմանի իր սեփական ճանապարհային քարտեզը, որը պետք է ներառի ինչպես ժողովրդավարական բարեփոխումների արագացումը եւ խորացումը, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրակարգերի կայացումը, պայքարը կոռուպցիայի դեմ եւ կադրային քաղաքականության թերությունների վերացումը, այնպես էլ օր առաջ ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալը, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված հստակ քայլերի մշակումն ու իրականացումը։
Հայաստանի շուրջ բարդացող անվտանգային միջավայրից եկող սպառնալիքներին դիմակայելու միակ ճանապարհը մենք տեսնում ենք Եվրատլանտյան անվտանգային համագործակցության միջոցով սեփական դիմադրողականության եւ մարտունակության շեշտակի ավելացումը, ինչպես նաեւ՝ հավատարիմ դաշնակիցների ձեռքբերումը։ Ուստի, հետեւողականորեն շարունակելու ենք աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտաքին քաղաքական կուրսին՝ ուղղված Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը»։