2025թ. հունվարի 7-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստը, որին ներկա են եղել բազմաթիվ փաստաբաններ:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
Նիստի ընթացքում քննարկվել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:
Հիշեցնենք, որ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:
Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս),
Օրենքի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:
Մասնավորապես Օրենքի կիրառությունը՝
– Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա,
– բացառում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.
– շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.
– չկանխատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.
– հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար քանի որ ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունները արժեքը քսան տոկոսով բարձր է.
– լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.
– սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը ակնհայտ դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը պայմանավորված ծանր հարկային բեռով,
– խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ:
Քննարկման ժամանակ ներկայացվել են նախագծի ընդունումը կանխելու, ինչպես նաև դրա ընդունումից հետո՝ այն վերանայելուն հասնելու ուղղությամբ Փաստաբանների պալատի ձեռնարկված քայլերը: Նախանշվել են նաև նախատեսվող հետագա գործողությունները:
Նիստին ներկա փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունները, բարձրաձայնել առաջացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ օրենքին հակազդելու նպատակով ձեռնարկման ենթակա գործողությունների վերաբերյալ:
Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ շարունակել գործողությունները հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ, այդ թվում՝
- Կազմել և Կառավարությանը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծ փաստաբանական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ,
- Նախագծի ներկայացման նպատակով կազմակերպել փաստաբանների ստորագրահավաք,
- Կառավարության կողմից Նախագծին չարձագանքելու կամ դրական ընթացք չտալու դեպքում ձեռնամուխ լինել բողոքի ակցիաների իրականացմանը,
- Փաստաբանների առաջիկա ընդհանուր ժողովի օրակարգում ներառել օրենքի խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալու հարցը,
- Շարունակել աշխատանքներն օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան պատգամավորների միջոցով դիմում ներկայացնելու ուղղությամբ,
- Շարունակել հանրային իրազեկման միջոցառումներն օրենքի խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ: