Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներսից. դատախազների և դատավորների մասնագիտական վարկանիշային գնահատման արդյունքները

2024 թվականի ավարտին, երբ հակակոռուպցիոն համակարգն արդեն իր գործունեության առաջին արդյունքներն է տալիս, Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի խմբագրությունը նախաձեռնել է համակարգի գործունեության համապարփակ վերլուծություն: Հաշվի առնելով, որ լրատվամիջոցը պարբերաբար լուսաբանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական նիստերը, օրեցօր արձանագրում է համակարգի զարգացումները և մոտիկից հետևում բոլոր դատավարական գործընթացներին, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մասնագիտական վերլուծություն:

Վերլուծությունը ներառում է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (քաղաքացիական), Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (քաղաքացիական) և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքների արդյունքների ուսումնասիրությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն համակարգում ներգրավված մասնագետների շրջանում անցկացված անանուն հետազոտության տվյալները:

Վերլուծության մեթոդաբանությունը

2024 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Iravaban.net-ը նախնական փուլում գրավոր հարցումներ է ուղարկվել Գլխավոր դատախազին,Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահներին: Նրանց առաջարկվել է տրամադրել տեղեկություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կատարված ուսումնասիրությունների, դատարան ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունների, հայցադիմումների, դրանց ընդհանուր հանրագումարային արժեքի և կնքված հաշտության համաձայնությունների վերաբերյալ:

Ուսումնասիրությանը ընդգրկել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության բոլոր 13 դատախազներին, Հակակոռուպցիոն դատարանի 5 դատավորներին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 6 դատավորներին և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 5 դատավորներին:

Փաստաբանական համայնքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով փաստաբանների ընտրությունը կատարվել է երկու աղբյուրից: ՀՀ փաստաբանների պալատի նախագահին Iravaban.net-ը գրավոր առաջարկել էր ներկայացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով փաստաբաններին, որին ի պատասխան ներկայացվել էր 9 փաստաբանների տվյալներ, որոնք ներկայացուցչություն են իրականացնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: Հաշվի առնելով, որ Iravaban.net-ը պարբերաբար լուսաբանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի դատաքննությունները, վերլուծությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև լրատվամիջոցի տեսադաշտում գտնվող ևս 10 փաստաբանի: Արդյունքում ներգրավվել են 19 փաստաբաններ։

Վերլուծությանը մասնակցել է ութ դատախազ, երեք դատավոր և տասներկու փաստաբան: Մասնակիցներին տրամադրվել է էլեկտրոնային հարցաթերթ՝ անանուն լրացնելու հնարավորությամբ: Հարցաշարում ներառվել են ինչպես համակարգի ընդհանուր գործունեությանը և առկա խնդիրների բացահայտմանն ուղղված հարցեր, այնպես էլ դատախազների և դատավորների մասնագիտական գործունեության գնահատման չափորոշիչներ:

Վարկանիշային գնահատականները ձևավորվել են երկու փուլով։ Առաջին փուլում հաշվարկվել է հակակոռուպցիոն դատական համակարգի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորների խմբի,  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով փաստաբանների խմբի առանձին միջին գնահատականները։ Երկրորդ փուլում երկու խմբերի (դատավորների և փաստաբանների, դատախազների և փաստաբանների) միջին գնահատականների հանրագումարը բաժանվել է երկուսի՝ ձևավորելով վերջնական վարկանիշային միավորը։ Քվեարկությունն իրականացվել է գաղտնիության սկզբունքով, ընդ որում՝ մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատել միայն այն գործընկերներին, որոնց մասնագիտական գործունեությանն առնչվել են։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր պատկերն ու  արդյունքները

Գլխավոր դատախազությունից Iravaban.net-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն: Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: 

Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները):

Նշված վարույթների շրջանակում առ այսօր կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:

2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն դատարանից Iravaban.net-ին հայտնել են, որ 2024-ի հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացված հայցերի ընդհանուր քանակը 135 է։ Ինչպես հայտնել են դատախազությունից, 8 գործերով հաշտություն է կնքվել, որից 2-ը՝ մինչև դատարան դիմելը։ 5 գործերով վճիռներ են կայացվել, որից 1-ով դատախազության պահանջը մերժվել է, 3-ով բավարարվել է մասնակի, իսկ 1-ով՝ ամբողջությամբ։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ նշված գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ բերվել է թվով 26 բողոք, գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ՝ թվով 4։ Դատարանն իր հերթին կայացրել է 27 որոշում, որից բավարարված բողոքները 7-ն են։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի խնդիրները

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազներն արձագանքել են Iravaban.net-ի հարցմանը և ակտիվ մասնակցություն ունեցել։ Դատախազների մեծ մասը (87,5%) նշել է, որ գերծանրաբեռնված է, 12,5 տոկոսը՝ ծանրաբեռնված է։

Հարցին՝ ինչ է ազդում դատավարության արդյունավետության վրա, հարցմանը մասնակցած դատախազները պատասխանել են այսպես․ գործի բնույթը (50%), մասնակիցների պատրաստվածության աստիճանը (25%), գործի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը (12,5%), այլ  (12,5%)։

Դատավարությունը սեղմ ժամկետներում իրականացնելու համար, ըստ դատախազների, անհրաժեշտ է դատավարական նորմերի վերանայում (87,5%): Բացի այդ, նշվել է նաև շենքային պայմանների (դահլիճ), դատավորի աշխատակազմի ավելացման մասին։

Ըստ դատախազների, իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են դատախազների լրացուցիչ հաստիքների, օժանդակող անձնակազմի ավելացում, օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև բազաներին ամբողջական հասանելիություն (կադաստրի, ճանապարհային ոստիկանության և այլն)։

Հարցմանը մասնակցած դատավորների մեծ մասը հայտնել է, որ միջին ծանրաբեռնվածություն ունի (66,7%), ծանրաբեռնված է 33,3 տոկոսը։ Դատավորների մեծ մասը կարծում է, որ դատավարության արդյունավետության վրա ազդում է դատավարության մասնակիցների ներկայությունը և պատրաստվածության աստիճանը։

Հարցմանը մասնակցած դատավորներից մեկը նշել է․ «․․․Ինչ վերաբերում է փաստաթղթերի առկայությանը, եթե խոսքը վերաբերում է ապացույցներին, ապա դրանց առկայությունը կամ բացակայությունը ինքնին դատավարության արդյունավետության վրա չի ազդում, այլ կարող է ազդել ելքի վրա»։

Մեկ այլ դատավոր հավելել է․ «Պատասխանողների կողմից գործերի քննության ձգձմանն ուղղված գործողությունները, որոնք պայմանավորված են դատավարական նորմերի անկատարությամբ»։

Հարցին՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի դատավարությունը իրականացվի սեղմ ժամկետներում, դատավորները հիմնականում նշել են դատավարական նորմերի վերանայումը, շենքային պայմանները։

Դատավորներից մեկը նշել է նաև․ «Պատրաստված պրոֆեսիոնալ մասնակիցների առկայությունը, դատավորի աշխատակազմի ավելացում, որպեսզի դատական ակտերը հնարավոր լինի սահմանված սեղմ ժամկետներում տրամադրել։․․․Դատավարությունը բավականին խրթին է, առհասարակ, հետևաբար անհրաժեշտ է նաև այս առումով ևս վերանայել դատավարությունը»։

Փաստաբաններն էլ են կարծում, որ  դատավարության արդյունավետության վրա մեծապես ազդում է մասնակիցների պատրաստվածության աստիճանը, գործի բնույթը։ Հարցվածներից ոմանք էլ ավելի բաց պատասխաններ են տվել։

«Իրականում արդյունավետության վրա զգալի ազդեցություն կունենան մի շարք հանգամանքներ․

ա) դատախազության՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգերին առավել մոտ ծանոթ լինելը և ինստիուտները ընկալելը,

բ) դատարանի անկախության բարձրացումը (ներառյալ՝ վերապատրաստման դասընթացների ծրագրերի [բովանդակային] լայն քննարկումը և համաձայնեցումը),

գ) հակակոռուպցիոն դատարանի դատավորների կողմից քաղաքացիական օրենսգրքի և քաղ դատի կարգավորումների ամբողջական կիրառումը (ոչ թե արհեստական մեկնաբանությունները, որով փորձ է արվում դատախազության թերացումները և քաղաքական իշխանության «ցանկությունները» քողարկելը,

դ) օրենսդրական բազայի հստակեցումը (առնվազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված տարբեր ընթացակարգերը հստակեցվեն, տարանջատվեն և հիմքերը ամրագրվեն /ենթադրյալ հանցավորի դեպքում՝ կապը հանցագործության հետ, իսկ հանցավորի հետ կապ չունեցող դեպքերում՝ կապը հայտարարագրերի առկայության հետ և այլն)»,-նշել է նա։

Մեկ այլ փաստաբան էլ նշել է, որ դատավարության արդյունավետության վրա ազդում է կողմերի պատրաստվածությունը, դատարանի կողմից կոնվենցիոն նորմերի խախտումներ թույլ չտալը, առավելապես արդար դատաքննության իրավունքի և «զենքերի հավասարության» սկզբունքի տեսանկյունից, դատաքննությանը նախորդող ուսումնասիրության փուլում դատախազության կողմից ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված բոլոր պարտականությունների պատշաճ, այլ ոչ ընտրովի կատարումը։

Մեկ այլ փաստաբան էլ նշել է, որ արդյունավետության վրա հիմնականում ազդում է վստահության բացակայությունը:

Հարցին՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի դատավարությունը իրականացվի սեղմ ժամկետներում, փաստաբանները տվել են հետևյալ պատասխանները։

Փաստաբանները նաև իրենց պատասխանների պարզաբանումներն են ներկայացրել։ Օրինակ՝ նրանցից մեկը նշել է․ «Դատարանի անկախությունն ապահովելու դեպքում գործերի զգալի մասը կավարտվեն սեղմ ժամկետներում (ուղակի հայցերը մերժելով):

Որպեսզի դատարանների վրա չմնա զգալի «քաղաքական ճնշում»՝ պարտադիր բռնագանձելու կամ առնվազն «աջակցելու դատախազությանը», անհրաժեշտ է՝

ա) օրենսդրության վերանայում, և դատախազության գործողության սահմանների հստակեցում (օրինակ՝ հայցային վաղեմության դեպքում, հաշվարկի տարբերության էականության հետ կապված և այլն),

բ) բռնագանձման դեպքերի տարանջատում (ենթադրյալ հանցավորի դեպքում այլ ընթացակարգ, հանցագործության հետ ենթադրաբար չկապվածի դեպքում այլ ընթացակարգ և նախապայմաններ) և այլն,

գ) իրավական հիմքերի կարգավորում (քաղ օրում և օրենքում չեն նկարագրված հիմքերը և գործերի զգալի մասը ընդհանրական են),

դ) էական է, որ հայցվորի կողմում ներգրավվեն դատավարության նորմերից տեղեկացված անձինք»։

Մեկ այլ փաստաբան մատնանշել է ներկայացվող պահանջների որոշակիությունը:

Ըստ փաստաբանների՝ դատախազների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական անկախությունը (58,3%), 16,7-ակա տոկոսը պատասխանել է, որ վերապատրաստումներ են անհրաժեշտ և օժանդակող անձնակազմի ավելացում, իսկ 8,3 տոկոսը կարծում է, որ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։

Փաստաբանները նշել են նաև արհեստավարժության մասին․ «Անհրաժեշտ է, որ դատախազությունը ունենա սահմանադրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խոր գիտելիքներ և ընկալում, ինչը կբարձրացնի դրա արդյունավետությունը»։

Հարցված 3 խմբերի ներկայացուցիչները համակարծիք են, որ դատավարության արդյունավետության վրա ազդեցություն է ունենում հիմնականում մասնակիցների պատրաստվածությունը, ինչպես նաև գործի բնույթը։

Բացի այդ, հարցին՝ դատավարությունը սեղմ ժամկետներում իրականացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ, նշվել է դատավարական նորմերի վերանայման մասին, դատավորներն ու դատախազները նշել են շենքային պայմանների բարելավման, իսկ փաստաբանները՝ պատրաստված պրոֆեսիոնալ մասնագետների կարևորության մասին։

Հակակոռուպցիոն համակարգի  դատախազների և դատավորների վարկանիշների վերաբերյալ վերլուծություն

Վերլուծության այս հատվածի նպատակն էր բացահայտել հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի հիմնական դերակատարների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազների և դատավորների մասնագիտական վարկանիշը: Հետազոտությունը հատկանշական է նրանով, որ գնահատականները տրվել են համակարգի ներսից՝ միմյանց հետ առնչվող մասնագետների կողմից:

Iravaban.netի կողմից իրականացված վերլուծության այս հատվածին  մասնակցել է 8 դատախազ, 5 դատավոր և 11 փաստաբան: 

Ամենաբարձր վարկանիշ ունեցող 5 դատախազները

Դատախազների հնգյակը գլխավորում է վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը՝ 8.89 միավորով: Նրա գնահատականը հատկանշական է նրանով, որ հիմնված է ամենամեծ թվով՝ 14 մասնագետների կարծիքի վրա (11 փաստաբան և 3 դատավոր): Երկրորդ տեղում է դատախազ Համլետ Հարությունյանը՝ 8.65 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր): Երրորդ հորիզոնականում է Նելլի Տեր-Թորոսյանը՝ 8.52 միավորով՝ ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր): Չորրորդ տեղում է Արտաշես Հարությունյանը՝ 8.50 միավորով՝ նույնպես ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր), հնգյակը եզրափակում է Ռուզաննա Խուդավերդյանը՝ 8.35 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր):

Ամենաբարձր վարկանիշ ունեցող 5 դատավորները

Դատավորների հնգյակում առաջատար դիրքեր են զբաղեցրել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների ներկայացուցիչները: Առաջին հորիզոնականում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը՝ 9.19 միավորով: Նրա գնահատականը հիմնված է 12 մասնագետի կարծիքի վրա՝ վեց փաստաբան և վեց դատախազ: Երկրորդ տեղում է Վճռաբեկ դատարանի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը՝ 8.91 միավորով, որին գնահատել են չորս փաստաբան և չորս դատախազ: Երրորդ հորիզոնականում է Վերաքննիչ դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը՝ 8.88 միավորով՝ նույնպես 12 գնահատողով (վեց փաստաբան և վեց դատախազ): Չորրորդ տեղում է Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Կուրեխյանը՝ 8.81 միավորով՝ ութ գնահատողով (չորս փաստաբան և չորս դատախազ), իսկ հնգյակը եզրափակում է Վճռաբեկ դատարանի դատավոր Գևորգ Գյոզալյանը՝ 8.67 միավորով՝ յոթ գնահատողով (չորս փաստաբան և երեք դատախազ):

Հետաքրքիր միտումներ

Դատախազների պարագայում կարևոր է, որ գնահատված բոլոր դատախազները մասնակցել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական նիստերին, ինչը թույլ է տվել թե՛ դատավորներին, թե՛ փաստաբաններին ձևավորել հստակ կարծիք նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ:

Հատկանշական է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի պարագան։ Նրա ստացած 8.89 միավորը ոչ միայն առավելագույնն է դատախազների շրջանում, այլև բոլոր գնահատված դատախազների և դատավորների շրջանում արժանահավատության ամենաբարձր աստիճան ունի։ Այս եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ գնահատականը ձևավորվել է ամենամեծ թվով՝ 14 մասնագետների կարծիքների հիման վրա, որից 11-ը փաստաբաններ են, 3-ը՝ դատավորներ։

Ուշագրավ է, որ չնայած Վճռաբեկ դատարանի հակակռուպցիոն պալատում դեռևս չկան ըստ էության քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր, այս ատյանի երեք դատավորներ հայտնվել են լավագույն հնգյակում՝ բարձր գնահատականներով: Սա հավանաբար վկայում է նրանց մասնագիտական հեղինակության և նախկինում ունեցած փորձառության  մասին: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների բարձր վարկանիշները զուգակցվում են առավել մեծ թվով մասնագետների գնահատականներով, ինչը հնարավոր է, որ պայմանավորված է նաև այս ոլորտում նրանց կողմից իրականացվող մասնագիտական և գիտավերլուծական գործունեությամբ։

Ամփոփում

Iravaban.net-ի իրականացրած վերլուծությունը բացահայտել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի 2024 թվականի գործունեության բազմաշերտ պատկերը։ Ոլորտում արձանագրվել են առաջին նշանակալի արդյունքները՝ իրականացվել է 553 ուսումնասիրություն, ներկայացվել է 587 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ 116 հայց, կնքվել է 8 հաշտության համաձայնություն շուրջ 5 միլիարդ դրամ արժեքով, և կայացվել են առաջին վճիռները։ Համակարգի առջև ծառացած մարտահրավերների շարքում առանցքային են դատավարական նորմերի և օրենսդրության վերանայման, մասնագիտական կարողությունների զարգացման և ենթակառուցվածքային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Հատկանշական է, որ նորաստեղծ հակակոռուպցիոն համակարգում արդեն իսկ ձևավորվել է մասնագիտական փոխադարձ գնահատման մշակույթ, ինչի մասին են վկայում թե՛ դատախազների, թե՛ դատավորների բարձր վարկանիշային ցուցանիշները։ Ուշագրավ է նաև, որ համակարգի բոլոր օղակների ներկայացուցիչները՝ դատախազները, դատավորները և փաստաբանները, համակարծիք են, որ դատավարությունների արդյունավետության բարձրացման համար առաջնահերթ է մասնակիցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և օրենսդրական դաշտի կատարելագործումը։

Այս համատեքստում հատկանշական է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի՝ 2024թ. դեկտեմբերի 20-ի հայտարարությունը, որտեղ մի կողմից բարձր է գնահատվել կառավարության գործունեությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառման ոլորտում, մյուս կողմից՝ մտահոգություն է հայտնվել ինստիտուտի կատարելագործման գործընթացի հապաղման վերաբերյալ։ Հատկապես անհանգստացնող է այն հանգամանքը, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի՝ 2022թ. դեկտեմբերի 19-ի խորհրդատվական կարծիքին, ՀՀ սահմանադրական դատարանն անհասկանալի կերպով կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի վարույթը և դեռևս չի կայացրել վերջնական որոշում։ Այս իրավական անորոշությունը էական ռիսկեր է պարունակում, քանի որ հակակոռուպցիոն դատարանները շարունակում են քննել և վճիռներ կայացնել նմանատիպ գործերով՝ առանց ՍԴ-ի կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել