Ի՞նչ պարտականություններ ունի կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը

Նշենք, թե ինչ պարտականություններ ունի կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:

Վերջինս պարտավոր է`
1) ապահովել կալանավորված անձանց անվտանգությունը և նրանց ցույց տալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն.
2) կալանավորված անձանց հանձնել նրանց համար ստացվող դատավարական փաստաթղթերի պատճենները` դրանց ստացման օրը, իսկ եթե դրանք ստացվել են գիշերային ժամանակ` մինչև ժամը 12.00-ն.
3) իրականացնել կալանավորված անձանց բողոքների և այլ հայտարարությունների գրանցումը.
4) կալանավորված անձանց` դատարանին, դատախազին, քննիչին կամ հետաքննության մարմնին հասցեագրված բողոքները և այլ հայտարարություններն ստանալիս անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, դրանք ուղարկել ըստ պատկանելության` առանց դրանք ստուգելու կամ գրաքննության ենթարկելու.
5) պաշտպանին և օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանավորված անձին, ապահովել նրանց առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) տեսակցելու հնարավորությունը` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման.
6) ապահովել կալանավորված անձի` ժամանակին ներկայանալը քրեական վարույթն իրականացնող մարմնին.
7) քննիչի կամ դատախազի պահանջով կամ դատարանի հանձնարարությամբ ապահովել կալանավորված անձի մասնակցությամբ քննչական և այլ դատավարական գործողության կատարման հնարավորությունը` կալանավորվածներին պահելու վայրում.
8) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանավորված անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան, կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ ցուցումները, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված կարգին.
9) անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 7 օր առաջ այդ մասին տեղյակ պահել համապատասխան քրեական հետապնդման մարմնին.
10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց.
11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման և գրավ նշանակելու մասին դատարանի որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավ մուծելով մեղադրյալին ազատել կալանքից.
12) կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել