«Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ.Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և  այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։ 

Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ 445 մետր երկարությամբ 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը, որը նախատեսվում է ապահովելու  «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ։

Մասնավորապես՝

  • Տվյալ մալուխի մոտ քսան մետր վերջնահատվածը  տեխնիկական կանոններով սահմանված կարգով անցկացված չէր խրամուղով, այլ բաց վիճակում էր, գալարաձև փռված էր գետնին, ինչը կարող էր վտանգավոր լինել մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի համար:
  • «Արբատ-1» 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի հենասյան վրա տեղադրված գծային բաժանիչին միանալու նպատակով բարձրացող հատվածում մալուխն անցկացված էր բաց վիճակում՝ առանց մեխանիկական պաշտպանիչ պատյանի:
  • 35 կՎ լարման մալուխի և երկաթգծի հատման հատվածում՝  ըստ նախագծի նախատեսված է եղել տեղադրել համապատասխան ցուցանակներ, սակայն դա չէր կատարվել։
  • Նոր կառուցված ենթակայանի ցանկապատն ամբողջությամբ կառուցված, ենթակայանում շանթարգելի կոնստրուկտիվ աշխատանքները ամբողջությամբ կատարված չէր, ինչպես նաև հողանցված չէր բարձր լարման ուժային տրանսֆորմատորը։
  • Էլեկտրատեղակայանքների աշխատանքային նախագիծը՝ որպես շահագրգիռ կողմ, համաձայնեցված չէր Մասիսի համայնքապետարանի հետ։

Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը որոշում է կայացրել արգելել ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և  խախատումների շտկումը։ 

Այս որոշումը կայացվել է էլեկտրաանվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով և «Բիոտոն» ՍՊ ընկերությունը ծանուցվել է արձանագրված խնդիրների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել