Ո ՞ր արարքն է համարվում խարդախություն

Խարդախությունը դասվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ հափշտակությունների շարքին:

Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի բովանդակությունից, խարդախությունը «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն» է: Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: Այս կապակցությամբ էական նշանակություն կարող է ունենալ, թե գույքն ուրիշին հանձնելու գործում ով է նախաձեռնություն դրսևորել: Արդյոք գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնելու տուժողի մտադրությունն առաջացել է հանցավորի կողմից նրան համոզելու և հորդորելու արդյունքում:

Հանցագործի նկատմամբ տուժողի վստահությունը կարող է ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքեր ունենալ: Այլ կերպ` հանցավորի և տուժողի միջև առկա՝ վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են բխել ինչպես նրանց միջև առկա պայմանագրից, լիազորագրից և այլն, այնպես էլ առաջանալ հանցավորի և գույքը հանձնողի անձնական հարաբերություններից, հանցավորի կողմից նախկինում դրսևորած վարքագծից, հանցավորի անձնավորությունից և այլն:

Սույն հոդվածի վերաբերյալ վճռաբեկ դատարանը արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն: Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է:

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը,
բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել