Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին չվճարելու համար

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Գործատուն ազատվում է վերը նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:

Բացի վերոնշյալ վարչական պատասխանատվությունից, գործատուն պատասխանատու է նաև աշխատողի առջև: Մասնավորապես՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է Աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում վերը սահմանված տուժանքի հաշվարկումը դադարեցվում է սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել