Կենտրոնական բանկը և ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Դեկտեմբերի 18-ին հանդիպեցին պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հետ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Հիշեցնենք՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`
ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունքները, ներդրումային որոշումների ընթացակարգերը, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման և կենսաթոշակային խնայողությունների՝ տնտեսության իրական հատվածում ներդրումների ընդլայնման հնարավորությունները:
Հիմնական կետերը՝
Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմում ավելանում են իրական հատվածի ընկերությունների թողարկած արժեթղթերը։ Հատկանշական է, տեղական բաժնետոմսերում ներդրումների ավելացումը։ Շեշտադրվել է ընկերություններում կորպորատիվ կառավարման բարելավման կարևորությունը՝ կենսաթոշակային խնայողություններին հասանելիություն ստանալու համար:
Նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները կարող են էապես ընդլայնել իրական հատվածի ընկերություններում և ենթակառուցվածքներում ներդրումների հնարավորությունները։
Կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման պահից եկամտաբերությունը կազմել է շուրջ 8 տոկոս։ Ընդ որում, ՏՀԶԿ-ի կողմից հրապարակվող Pension Markets in Focus 2024-ի համաձայն, Հայաստանը կենսաթոշակային ֆոնդերի վերջին 10 տարվա անվանական եկամտաբերությամբ 48 երկրների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ իրական եկամտաբերությամբ՝ 7-րդ տեղը։
Հանդիպման նպատակն էր ապահովել կենսաթոշակային խնայողությունների առավել արդյունավետ կառավարում և նպաստել տնտեսական աճին»,-հայտնում են ԿԲ-ից: