«Զվարթնոց»-ից ձերբակալված կինը առնվազն մինչև գործը դատարան հասնելը չի կարող բացակայել ՀՀ-ից

Փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանում է տարածել արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ, նշելով, որ հայտարարել էր, թե 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով, այսօր Զվարթնոց օդանվակայում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։

«Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակներում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը բանականաբար վերջինս չի ընդունել»,-գրել է փաստաբանը։

Նրա խոսքով, Զարինեին կալակավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ հիմքերի բացակայության հիմքով, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Զարինեն 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։

Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով, առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել