Ճանապարհների սեփականատերերի կողմից ճանապարհների գծանշումը կիրառվում է երթևեկության կարգավորման, ճանապարհից օգտվողներին նախազգուշացնելու կամ կողմնորոշելու նպատակով` դրանց անհրաժեշտության դեպքում:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոններով չնախատեսված դեպքերում գծանշումը կիրառվում է, եթե դրանց անհրաժեշտությունը հիմնավորված է ճանապարհային կոնկրետ պայմաններով:
Գծանշումը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների հետ համատեղ` դրանք ճշգրտելու կամ նորացնելու նպատակով:
Գծանշումների սլաքները, զուգահեռ և շեղ գծերը կամ գրառումները կարող են կիրառվել ճանապարհային նշանների ցուցումները կրկնելու կամ ճանապարհից օգտվողներին այնպիսի ցուցումներ տալու համար, որոնք չեն կարող բավարար կերպով տրվել ճանապարհային նշանների միջոցով: Գծանշումների այդ տեսակները կիրառվում են, մասնավորապես, կայանատեղերի, երթուղային տրանսպորտային միջոցների կանգառի կետերի սահմանները նշելու, ինչպես նաև խաչմերուկների մատույցներում նախօրոք վերադասավորում իրականացնելու համար:
Ճանապարհի, որտեղ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, երթևեկելի մասերի տեղամասերի սահմանները նշելու համար տեղադրվում են ընդհատվող կամ անընդհատ ճանապարհային ցանկապատներ, որոնք պետք է շերտ-շերտ գծանշվեն հերթականությամբ սպիտակ և կարմիր, կամ սև և սպիտակ գույներով: Իսկ գիշերային ժամերին, եթե այդ ցանկապատների մակերևույթը լուսանդրադարձնող չէ, ապա տեղադրվում են լույսեր կամ լուսանդրադարձիչ հարմարանքներ (լույսերը պետք է լինեն կարմիր, իսկ թարթող լույսերը` դեղին գույնի):
Ճանապարհների գծանշման դեպքում գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջների համաձայն երթևեկության գոտին ընտրվում է` հաշվի առնելով ճանապարհի կարգը: Այն ճանապարհներին, որոնց ընդլայնական պրոֆիլի տարրերը չեն համապատասխանում գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներին, գծանշվող երթևեկության գոտու լայնությունը պակաս չպետք է լինի 3,00 մ-ից: Թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկության համար նախատեսված գոտու լայնությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 2,75 մետր` երթևեկության ռեժիմի անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու պայմանով:
Երթևեկության գոտու լայնությունը որոշվում է գոտու սահմանը նշող գծանշման գծերի առանցքների միջև եղած հեռավորությամբ:
Ցեմենտբետոնյա ծածկերի վրա համընթաց ուղղությամբ տրանսպորտային հոսքերը բաժանող երկայնական գիծը թույլատրվում է գծանշել ջերմաստիճանային կարի կողքին` երթևեկության ուղղության ձախ կողմից, իսկ հանդիպակաց ուղղության հոսքերը բաժանող գիծը` կարի յուրաքանչյուր կողմից: