Ի՞նչ չի կարելի պահել շենքում կամ նկուղում

Շենքերում, շինություններում և բաց տարածքներում չի թույլատրվում՝
1) նկուղային և ցոկոլային հարկերում պահել և օգտագործել այրվող և դյուրավառ հեղուկներ, վառոդ, պայթուցիկ նյութեր, գազով բալոններ, աերոզոլային փաթեթավորումով ապրանքներ, ցելուլոիդի և այլ պայթյունավտանգ նյութեր, բացառությամբ իրավական ակտերով նախատեսվածից ավելի քանակների.
2) ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը, օդափոխիչ խցիկները և այլ տեխնիկական սենյակները օգտագործել որպես արտադրական տեղամասեր, արհեստանոցներ, ինչպես նաև արտադրանքի, սարքավորումների, կահույքի և այլ իրերի պահման համար.
3) ցոկոլային հարկերում և նկուղներում ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, տնտեսական սենյակներ, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից.
4) աղբահեռացման հորաններում և աղբակուտակման խցերում աղբի ոչնչացումը այրման միջոցով.
5) հանել նախագծով նախատեսված նախասրահների, սրահների, միջանցքների, նախամուտքերի, սանդղավանդակների դռները.
6) կուտակել կահույք, սարքավորումներ և այլ իրեր` պատշգամբների և խորշապատշգամբների մուտքերի, կից բաժանմունքների, արտաքին տարահանման սանդուղքների դռների մոտ.
7) շենքերում տարածքների մաքրումը բենզինով, կերոսինով և այլ այրվող ու դյուրավառ հեղուկներով, ինչպես նաև սառած ջրմուղների տաքացումը զոդման լամպերով և բաց կրակի օգտագործման այլ մեթոդներով.
8) տեղադրել ճաղավանդակներ լուսամուտների վրա (բացառությամբ պահեստներից, դրամարկղերից, հատուկ սենյակներից, բնակելի տներից, ավտոտնակներից).
9) ապակեպատել հրդեհի դեպքում անվտանգության գոտիներին պատկանող խորշապատշգամբները և պատշգամբները.
10) սանդղավանդակներում և միջանցքներում ստեղծել պահեստանոցներ (խորդանոցներ), պահել կահույք, այրվող և դյուրավառ նյութեր` սանդղաբազուկների տակ և դրանց հարթակների վրա (սանդղաբազուկների տակ առաջին և ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել միայն կենտրոնական ջեռուցման, ջրաչափիչների, էլեկտրավահանակների կառավարման հանգույցներ, որոնք պետք է մեկուսացված լինեն չայրվող միջնորմներով).
11) գործարկման ընթացքում վառարանային սարքերի, նավթավառների, կերոգազերի, պրիմուսների, լուսավորման լամպերի լցավորումը հեղուկ վառելանյութով.
12) կրակի հետ անզգույշ վարմունքը՝ անզգուշություն ծխելիս, հրդեհավտանգ աշխատանքներ կատարելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև կրակը առանց հսկողության թողնելը.
13) միմյանց հետ քիմիական փոխազդեցությամբ ինքնայրում առաջացնող նյութերի համատեղ պահումը, ինչպես նաև ջերմային կամ կենսաբանական ինքնայրման հակում ունեցող նյութերի պահումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել