Ռուսական կողմը հավաստի տեղեկություններ չունի, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ այս կառույցից դուրս գալու խնդրանքով։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արդյոք ՀԱՊԿ-ը Երևանի պաշտոնական կառույցներից որևէ փաստաթուղթ ստացե՞լ է այս կառույցից դուրս գալու վերաբերյալ, մենք դրա մասին ոչինչ չգիտենք»,- նշել է նա։
Միաժամանակ, դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երևանից որոշակի հայտարարություններ են հնչում, թե «կարծես թե իրենք իրենց արդեն տեսնում են ինչ-որ շրջանակներից, ինչ-որ տեղ են գնացել և այլն»։ «Այս մասին պետք է հարցնել Հայաստանի ներկայացուցիչներին»,- խորհուրդ է տվել Զախարովան։
Նույնը, ըստ Զախարովայի, վերաբերում է ՀԱՊԿ-ի բյուջե գումար վճարելու կամ չվճարելու հարցին, որի ձևավորման սկզբունքը «շատ չի տարբերվում այլ միջազգային կառույցներից», մասնավորապես՝ ՄԱԿ-ից։
«ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է անդամ երկրների ընդհանուր ներդրումներից, որոնք տոկոսային հարաբերակցությամբ բաշխվել և հաստատվել են դեռևս 2003 թվականին. Ռուսաստանը ֆինանսավորում է ուղիղ կեսը, մյուս դաշնակիցները՝ 10%-ով»,-հիշեցրել է դիվանագետը։
Եթե երկու տարվա ընթացքում չկատարվեն կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում կայացնել պարտապան պետության դեմ, այդ թվում՝ զրկելով նրան ձայնի իրավունքից։
«Ժամանակին Հայաստանը համաձայն էր սրան, և ես չէի լսել, որ նրանք դեմ են դրան»,- ընդգծել է Զախարովան։